Այսօր « Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մեկնարկն էր, որին սիրով էի սպասում։ Ճամբարի համակարգող ՝ Արմինե Մովսիսյանը դիմավորեց մասնակիցներին և անտրտունջ ուղղորդեց մեզ ողջ ընթացքում։ Օրը շատ բազմաբովանդակ ու հագեցած էր տարատեսակ գործունեություններով։ Ծրագրին համապատասխան օրը սկսեցիք պարտիզապուրակային աշխատանքներով , որին մեզ բարեկիրթ ներկայացրեց լաբորատորիայի պատասխանատու՝ Շուշաննա Ալեքսանյանը։ Նրա անմիջական միջնորդությամբ կատարեցինք այգեգործական բարեկարգումներ։ Չնայած աշնանաշունչ գունագեղ տերևների բակը ավլեցինք և մաքրեցինք, բույսերի խնամք և աղբահավաք կատարեցինք ։ Իսկ այս ամենում կարևորը ուրախ և բարձր տրամադրությունն էլ ուղեկցում էր մեզ։ Հատկապես բուռն ակտիվություն էր հաղորդում առավոտյան թարմ օդը։

Հաջորդիվ երգ ու պարի ուսուցումն էր ,որ անցկացրեցինք Սեդա Թևանյանի հետ : Համոզված եմ , որ յուրաքանչյուր մասնակից իր մեջ նոր բացահայտում կատարեց։ Սովորեցիք «Ցորեն եմ ցանե» ծրագրային երգը և «Բուլբուլ» աշխատանքային պարը։ Որոնք էլ իրենց հերթին լրացրեցին օրվա հագեցվածությունը։

Այնուհետև այցելեցինք կրթահամալիրի ուսումնական ագարակ, որտեղ այդ պահին լավաշթխիկ էր ։ Մասնակիցը դարձանք այդ գեղեցիկ արարողակարգի և նույնիսկ համտեսեցինք։

Արմինե Մովսիսյանը ներկայացրեց արտագնա ճամփորդության վերաբերյալ մանրամասներ։ Որոնք շատ ոգևորիչ էին , որ անհնար է հրաժարվել այդ ընձեռնված բացառիկ հնարավորությունից։

Ծանոթացանք նաև «Մանկավարժական ակումբի» համակարգող՝ Մարետ Սիմոնյանի հետ ։ Ունեցանք շատ անմիջական և գրագետ քննարկումներ, որի ընթացքում արտահայտեցինք մեր կարծիքները և բարձրաձայնեցինք անձնական դիտարկումներ։

Ընդմիջեցինք կրթահամալիրի ճաշարանում , որտեղ ամեն կերակուր միշտ շատ համեղ է պատրաստվում ։

Այնուհետև քայլքով գնացինք դեպի մայր դպրոց ՝ մասնակցելու սեմինարի, որը տեղի ունեցավ «Տիգրան Կարապետյան » գրադարանում։ Չեմ կարող չանրադառնալ սեմինավար՝ Լենա Նալբանդյանին, որն իր գրագետ մոտեցումներով մեզ բացատրեց օրակարգում հրապարակվելիք սոցէջերի արտաքին կարևորությունը, ուսումնասիրվող նյութի շեշտադրումը, նկարի գույնի նշանակությունը, որակը և բովանդակային շերտերի ճիշտ կիրառումը։

Տպավորությունս միանշանակ անգնահատելի էր , բավականությունն անսահման, որի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին։